«Վերածնունդ» հիմնադրամը ներկայացնում է նոր երաժշտական հեռուստանախագիծ (տեսանյութ)

Տեսահոլովակների շարքը ցուցադրվելու է Արմենիա Հ/Ը եթերում։ «Բարի լույս» ծրագրի ընթացքում ֆիլմի ռեժիսորն ու մենակատարը ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը։

Նախագծում ընդգրկված է յոթ ազգային, տոնական, օրորոցային, հարսանեկան երգ։ Դրանք ընտրվել են «Վերածնունդ» հիմնադրամի Հայկական ազգային երաժշտական գանձարանից։ Նախագծի ռեժիսոր Վահե Յանն ասում է, որ նկարահանումներն արել են Ազգային պատկերասրահում.

«Ամեն երգի համար ընտրել են մեկ կտավ, որի ֆոնին էլ նկարահանել են հոլովակները. «Ես որոշեցի ուղղակի գեղանկարչությունը սինթեզել ազգային այս երգերին, կատարումներին, որովհետև նախորդն արել էի այլ մոտեցմամբ: Ինձ հետաքրքիր էր մեր Ազգային պատկերասրահի ֆոնդապահոցից գտնել այնպիսի կտավներ, որոնց նայելիս կզգաս այդ երաժշտությունը»։

Մոտ 17 ժամ տևել են նկարահանումները։ Յոթ երգերը կատարում է երգչուհի, խմբավար Անահիտ Պապայանը. «Շատ կարևոր է, որ ազգային երգերը ներկայացնենք այնպես, ինչպես դրանք հնչել են իրականում, մաքրամաքուր կատարմամբ։ Հայկական ազգային երաժշտական գանձարանից ընտրված այս երգերն արժեքավոր են»։

Երգչուհու ու «Վերածնունդ» հիմանդրամի գործակցությունը սկսվել է տարիներ առաջ, երբ մեկնարկեց մեծնախագիծը. «Էլեկտրոնային շտեմարանի համար ձայնագրեցինք ազգային, հոգևոր ու 10 ժողովրդական երգեր։ Հիմա՝ տարիներ անց, ստացա առաջարկ այդ երգերը կատարել տեսահոլովակների համար։ Ընտրեցինք  7 երգ։ Այդ ստեղծագործությունները մեր ժողովրդական երգերի ամենահարուստ շերտն են ներկայացնում»: