«Վերածնունդ» հիմնադրամը՝ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության գործընկեր

Երևանում ապրիլի 30-ին տեղի ունեցավ հայկական երաժշտական աշխարհում նշանակալից իրադարձություն՝ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպած «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված այդ միջոցառումը միտված էր արժևորելու հայ երաժշտարվեստի ձեռքբերումները և խրախուսելու տաղանդավոր կատարողներին:

Հայկական ազգային երաժշտական ակադեմիան ստեղծվել է հայաստանյան երգարվեստում որակական և արդիական փոփոխություններ իրականացնելու նպատակով: «Խազեր» մրցանակաբաշխությունը դարձավ այդ առաքելության իրականացման առաջին կարևոր քայլերից մեկը, որը միավորեց ոլորտի մասնագետներին և երաժշտասերներին՝ գնահատելու և խրախուսելու հայ երաժշտարվեստի ձեռքբերումները:

Այդ կարևոր նախաձեռնությանը միացել է նաև «Վերածնունդ» հիմնադրամը՝ դառնալով մրցանակաբաշխության գործընկեր։ Իրադարձությանը ներկա էր նաև «Վերածնունդի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը։ Հիմնադրամի անունից «Լավագույն դասական երգիչ» անվանակարգի հաղթողի մրցանակը Լիպարիտ Ավետիսյանին շնորհեց «Վերածնունդ» հիմնադրամի ծրագրերի պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը։

Մրցանակաբաշխության անվանումը խորհրդանշական է. խազերը հայ միջնադարյան նոտագրության համակարգն է, որն իր ժամանակին խորությամբ ուսումնասիրել է մեծն Կոմիտասը:

Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի անդամ Արաքսյա Մուշեղյանը, խոսելով մրցանակաբաշխության կարևորության մասին, ընդգծեց. «Խազերը մեր հիմքն են, իսկ մենք աշխարհին հետաքրքիր ենք միայն այն երաժշտությամբ, որը հիմք ունի։ Այսօր շատ բարդ է մրցել համաշխարհային թրենդների հետ, եթե ներկայացրածդ անհատական ու յուրօրինակ չէ»։

Մրցանակաբաշխության ռեժիսորական թիմը գլխավորում էր Հրաչ Քեշիշյանը, որին միացել էին Արթուր Մանուկյանը և Նաիրե Ստեփանյանը. «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ու սատարեցին ակադեմիային։ Շնորհակալ եմ նաև թերահավատներին, ովքեր չէին հավատում ակադեմիայի կայացմանը, ինչը մոտիվացիա է տալիս։ Ակադեմիան շատ անելիք ունի, ու սա առաջին քայլն էր»։

«Խազեր» մրցանակաբաշխության հատուկ հյուրն էր «Գրեմմի» կրկնակի մրցանակակիր, կոմպոզիտոր և պրոդյուսեր Քիթ Ուեյքլին, ով նաև «Գրեմմի»-ն անցկացնող ամերիկյան Ձայնագրման ակադեմիայի Տեխասի մասնաճյուղի ղեկավարն է:

Մրցանակաբաշխության համար հատուկ ստեղծվել է «Խազ» արձանիկը, որի հեղինակն է քանդակագործ և նկարիչ Արման Նուռը. «Մրցանակի կենտրոնական հատվածում ջուր խորհրդանշող ապակին է, երկկողմանի հավերժության նշանը, իսկ շուրջը` 12 ամիսները պատկերող կերպարներն են»,-բացատրել է հեղինակը:

«Խազեր» մրցանակաբաշխությունը ներառում էր 17 անվանակարգ, որոնցից յուրաքանչյուրում ճանաչվեցին լավագույնները: Առաջադրվածներն ընտրվել էին 500-ից ավելի ստացված հայտերից:

  • «Լավագույն երգիչ»՝ Էրիկ Կարապետյան
  • «Լավագույն երգչուհի»՝ Սոնա Ռուբենյան
  • «Լավագույն երգ», «Լավագույն տեսահոլովակ»՝ «Երևի», Արամ Mp3
  • «Լավագույն կոմպոզիտոր»՝ Անդրանիկ Բերբերյան
  • «Լավագույն գործիքավորում», «Լավագույն ազգային երգ կամ երգիմշակում»՝«Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտ, Ավետիս Բերբերյան
  • «Լավագույն հեղինակ-կատարող», «Տարվա հայտնություն» ՝ yellowheart
  • «Լավագույն խումբ-նախագիծ»՝ LA Project
  • «Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն»՝ Ջուզեպպե Վերդիի «Օթելլո»-ն՝բեմադրված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
  • «Լավագույն ռոք արտիստ կամ խումբ»՝ «Նեմրա»
  • «Լավագույն հիփ-հոփ և R&B արտիստ կամ խումբ»՝ D’Litte
  • «Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ»՝ Yerevan Calling
  • «Լավագույն դասական նախագիծ»՝ «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա», Հայաստանի պետականսիմֆոնիկ նվագախումբ և «Ռեինկարնացիա»
  • «Լավագույն դասական երգիչ»՝ Լիպարիտ Ավետիսյան
  • «Լավագույն քավր»՝ «Թող ամեն մի Նոր տարի մեր սրտերը ջերմացնի», ՄարտինՈւլիխանյան
  • Հատուկ մրցանակ՝ Ռուբեն Մաթևոսյան