Հայկական ժամանակակից երգերի առաջին նոտադարան

1920- 2020 թվականներին հայ կոմպոզիտորների ստեղծած երգերը նոտագրվել են ու թվայնացվել

Խորհրդային ու հետխորհրդային շրջանի հայ ամենահայտնի կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Հայկոյի, Արթուր Գրիգորյանի, Էլվինա Մակարյանի ու հռչակավոր մյուս ժամանակակից հեղինակների լավագույն երգերը, ֆիլմերի սաունդթրեքները, քաղաքային ռոմանսներն ու պարային մեղեդիները կհայտնվեն մեկ հարթակում։ Այս նախաձեռնությունը խիստ արդիական է, քանի որ հայկական երաժշտական ժառանգության մի ամբողջ շերտ, որը ստեղծվել է վերջին հարյուր տարում, ոչ միայն թվայնացված չէ, այլև նույնիսկ նոտագրված չէ:

«Հայկական էստրադային, քաղաքային, լիրիկական երգերը, ռոմանսները, որոնք ստեղծել են պրոֆեսիոնալ կոմպոզիտորները, պահպանվել են միայն կատարումների տեսքով, սակայն նոտաներով չկան։ Օրինակ՝ Էլվինա Մակարյանի երգերն ընդհանրապես չկան: Եթե որևէ երգիչ ուզում է որևէ երգ կատարել, պետք է լսի կատարումները. նա չի կարող օգտվել այդ երգի նոտաներից»,- նշում է նախագծի ղեկավար Արաքսյա Մուշեղյանը:

Հայկական փոփ երաժշտության անթոլոգիա

Հայկական ժամանակակից, փոփ ու էստրադային հայտնի երգերի պահպանման ու թվայնացման նախագիծն իրականացնում է Վերածնունդ հիմնադրամը։ Նախագծի գլխավոր պրոդյուսերն Արթուր Ջանիբեկյանն է, գաղափարը Միքայել Ավետիսյանինն է, երաժշտական խմբագիրն Արմեն Մարտիրոսյանն է: Նախագիծը ղեկավարում է Արաքսյա Մուշեղյանը, համակարգում է Հասմիկ Չախմախչյանը։

«Շատ եմ կարևորում Արթուր Ջանիբեկյանի այս նախագիծը։ Հիմնադրամն արդեն թվայնացրել է ազգային, ժողովրդական երգեր: Հիմա էլ էստրադային երգերի հերթն է»,- ասում է նախագծի ղեկավար Արաքսյա Մուշեղյանը։

Նախագծի թիմը նախ հավաքել, մշակել է հարյուր ամենահայտնի հայկական երգերը: Արվել է LEAD SHEET, երբ մի տեղում հավաքվում են երգի տեքստը, մեղեդին, ի մի է բերվում հարմոնիան։ Այսուհետև, եթե որևէ երաժիշտ ցանկանա կատարել որևէ հայտնի երգ, կկարողանա դրանք գնել, կայքից ներբեռնել երգի բնօրինակը, նոտաները.

«Նախ, մի մեծ մոնիտորինգ անցկացրինք ինտերնետում. պարզվեց, ոչինչ չկա։ Ռուսական որոշ կայքերում գտանք մի քանի հայ կոմպոզիտորների երգերի նոտաները, որոնք թղթից էին նկարված՝ սքան էին արված»,- ընդգծում է Արաքսյա Մուշեղյանը:

Հայկական հայտնի երգերն ընտրվել են ակադեմիական ու ոչ ակադեմիական շրջանակներից։ Ընտրությունը կատարվել է ստեղծագործությունների վարկանիշները մանրակրկիտ ուսումնասիրելուց և վերլուծելուց հետո։

«Ո՛ր երգի անունն էլ տանք՝ հաստատ, կիմանաք։ Կապ ենք հաստատել այդ հեղինակների, կոմպոզիտորների կամ նրանց իրավահաջորդների, ժառանգների հետ, վերցրել ենք նոտաները։ Որոշ բաներ գտել ենք այդ հեղինակների ընտանեկան արխիվներում կամ գրադարաններում: Լսելով համեմատել ենք առաջին՝ օրիգինալ կատարումների հետ։ Որոշ երգերի հեղինակների հարազատների հետ դեռ չի ստացվել կապ հաստատել, որ թույլտվություն վերցնենք», – նշում է Արաքսյա Մուշեղյանը:

Այս պահին Նախագծի թիմը փնտրում է Դև, Գ. Բանդուրյան, Ս․ Կապուտիկյան, Հ․ Ղուկասյան Վ․ Հարությունյան, Հ․ Սաղաթելյան, Աշ․ Գրաշի, Ժ․ Դուվալյան, Մ․ Մինասյան, Ա․ Սահակյան, Գ․ Կարապետյան, Եր․ Մանարյան, Լ․ Դուրյան հեղինակների հարազատներին, որպեսզի ստանա թույլտվություն՝ նրանց գործերը նույնպես օգտագործելու համար։

Նոտագրվել է հարյուր երգ: Եթե նախաձեռնությունը շարունակվի, ավելի քան հազար երգ կհայտնվի նորաստեղծ նոտադարանում: Հայկական պոպուլյար երգերի անթոլոգիան ստեղծվում է երաժշտական ժառանգության պահպանման և սերունդների համար։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ