Տևական ժամանակ անց ու այն էլ գեղագրորեն Ռուբեն Մալայանը գրի է առնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» կոթողը։ Գաղափարի հեղինակը «Վերածնունդի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանինն է։ Գեղագիր Ռուբեն Մալայանի պատկերացմամբ՝ իր աշխատանքը մի ճանապարհ է, որի մի մասն արդեն անցել է։ «Մատյան ողբերգությունն» ունի 95 գլուխ և ավելի քան 368 հազար տառ։ Ձեռագրի համար ընտրվել է իտալական, սև թուղթ (140 գրամ, չափը՝ 66/33)։ Այս թղթի վրա գրելը բարդ գործ է․ ամեն տողը գրելիս պետք է թուղթը անընդհատ տեղաշարժել, փոխել դիրքը։ Բայց ընտրված ֆորմատի շնորհիվ ձեռագիրը կընկալվի որպես մեկ ամբողջություն։
«Նարեկացու մատյանը վերջին անգամ ե՞րբ է ձեռագիր գրվել․ չգիտեմ։ Կարծում եմ, որ տպագրական դազգահի գյուտից հետո ոչ ոք ձեռքով չի արտագրել այն։ Ես այս գործը չէի սկսի, եթե չլիներ Արթուր Ջանիբեկյանի առաջարկը։ Ձեռագիր մատյանը շատ-շատ մեծ է, աշխատանքի ծավալը՝ նույնպես։ Որոշեցինք, որ մեր կազմած ձեռագիր տարբերակը պետք է լինի գրաբար։ Մշտապես զուգահեռներ եմ անցկացնում հեղինակի տեքստի հետ, որ ինքս էլ հասկանամ, ընկալեմ այն։ Բարդ է։ Իմ աշխատանքին գումարվում է խնդրի վիզուալ կողմը, քանի որ գեղագրությամբ է արվում։ Իմ ձեռագիրը պետք է լինի գեղեցիկ, էսթետիկ, գեղագրության կանոններով կառուցված, բայց նաև ընթեռնելի»։
Գեղագրի համար յուրաքանչյուր էջն առանձին ստեղծագործություն է, արվեստի գործ։ Ձեռագիր մատյանը չի լինելու այսպես կոչված՝ «կարված գիրք», քանի որ կարող է ունենալ մոտ 1000 էջ։
«Երբ նոր էի սկսել այդ «ճանապարհը», չէի պատկերացնում, թե ուր եմ գնում։ Արթուր Ջանիբեկյանի ցանկությունը, որ «Նարեկը» նորից գրվի ձեռքով, կարծում եմ, սիմվոլիկ է։ Այս ձեռագիրը վստահաբար դառնալու է մասունք, որը կարելի է նաև ուղարկել աշխարհի ամենահայտնի թանգարաններ և ցուցասրահներ։ Ես գիտեմ, որ Արթուր Ջանիբեկյանի համար այս ամենն անչափ կարևոր է, քանի որ Նարեկացի՛ն է կարևոր նրա համար։ Այս ձեռագիր «Նարեկը» ստեղծելու ժամանակաշրջանն էլ է խորհրդանշական։ Մենք այսօր շատ բարդ փուլում ենք ապրում․ ձեռագիր «Նարեկ» ստեղծելը, Նարեկացուն կրկին ու նորովի անդրադառնալը գուցե որոշ չափով հոգեկան հավասարակշռություն պարգևի մեզ»։
Ռուբեն Մալայանը համարում է, որ ձեռագիր տեքստ կարդալն այսօր շատ բարդ գործ է դարձել բոլորի համար։ Դա նշանակում է, որ իր գրած տեքստը պետք է լինի ոչ միայն անսխալ ու գեղեցիկ, այլ նաև ընթեռնելի ու ընկալելի.
«Ես փորձում եմ գտնել ոսկե միջինը. ինձ համար ընթեռնելի լինելը կարևոր է, բայց առաջին տեղում գեղագրությունն է ու վիզուալ էսթետիկան։ Նարեկը տիեզերական տեքստ է, ուստի մեր վերաբերմունքն էլ պետք է լինի ծիսական»։
Մալայանը մատյանի տարբեր էջեր տարբեր ձեռագրերով ու ոճերով է գրում։ Ոճն ու տառատեսակը որոշում է ըստ բովանդակության ու տեքստի վիզուալ հոսքի։ Բոլոր էջերը պատկերացնում է կողք-կողքի, մեկ ամբողջության մեջ։ Քանի որ ձեռագրերի գրելաձևն ու ոճը տարբեր են, գեղագիրն օգտագործում է նաև տարբեր չափի ու լայնության գործիքներ։ Որոշ տողերում տառերը մոնոլիտ են, որոշներում տեքստն ավելի դասական է։ Գեղագրի համար կարևոր է նաև գրելու ռիթմը պահելը։ Երբեմն նա կրկին ու կրկին արտագրում է արդեն իսկ գրածը, քանի որ նույնիսկ աննշան վրիպակը պարտադրում է գրվածքը վերաշարադրել նոր էջի վրա։ Ռուբեն Մալայանը կարծում է, որ ձեռագիրը հետագայում կհրատարակվի նաև որպես տպագիր գիրք․ձախից՝ գեղագիր ձեռագիրը, աջից՝ տպագիր շարվածքը։